• Вт. Май 24th, 2022

Politico. Էրդողանը պարտված է, քանի որ Պուտինը վճռել է հաղթել Ուկրաինայի պատերազմում

Автор:admin123

Мар 3, 2022

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն վաղուց իրար դեմ է հանում Ռուսաստանին եւ Արեւմուտքին, որպեսզի իր համար ավելի լավ գործարք ստանա, բայց քանի դեռ Ռուսաստանը ձգտում է հաղթել Ուկրաինայում, նա պարտված է, Politico-ի համար հոդվածում գրել է վերլուծաբան Դիմիտար Բեչեւը։

«Թեեւ մեկ շաբաթից էլ քիչ է անցել, Ուկրաինայում պատերազմն արդեն փոխել է Եվրոպայի դեմքը՝ դեպի վատը:

Անմիջական հակամարտությունից բացի, ամենաշատ տուժած երկրներից մեկը Թուրքիան է, որը երկար ժամանակ օգուտ է քաղել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի հետ ամուր կապերից: Իր երկու գործընկերների միջեւ Անկարայի փխրուն հավասարակշռումը գնալով դժվարանում է, քանի որ ռազմական գործողությունները սրվում են, իսկ Արեւմուտքը ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա: Որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ տարածաշրջանում ծանր քաշային երկիր՝ Թուրքիան ուժեղ ճնշման տակ է, որպեսզի վերջապես կողմերից մեկին ընտրի։

Ներկայումս Թուրքիան Ռուսաստանից բնական գազի մատակարարումների մոտ մեկ երրորդն է ստանում։ Եվ չնայած Պուտինն ու Էրդողանը հաճախ են մրցակցում, նրանք նաեւ համագործակցում են Սիրիայում, Լիբիայում եւ Հարավային Կովկասում իրականացվող գործողություններում։ Անկարան 2019թ․ Ռուսաստանից նաեւ Ս-400 հրթիռներ է գնել, եւ դա այն ժամանակվանից թունավորել է նրա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Թուրքիան նաեւ ակտիվ առեւտուր է անում Ուկրաինայի հետ եւ երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերական համագործակցությունը զարգացնելու հավակնոտ ծրագրեր ունի, ընդ որում՝ Ուկրաինայի կողմից գնված թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը ներկայումս հարվածներ են հասցնում ռուսական զորքերի դեմ: Թուրքիան նաեւ իրեն Ղրիմի թաթարների ազգակից պետություն է համարում է եւ 2014-ից բացահայտ դատապարտում է թերակղզու անեքսիան։

Ուկրաինա ներխուժմանը նախորդող օրերին եւ մեկին եւ մյուսին հասնելու փորձերից հետո Թուրքիան արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել, որպեսզի մարտահրավեր նետի Ռուսաստանին։ Նախ, նա փակել է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները ռազմանավերի համար՝ օգտվելով 1936թ․ Մոնտրյոյի կոնվենցիայով պատերազմի դեպքում իրեն վերապահված իրավունքներից:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից Էրդողանին ուղղված կոչից հետո այդ քայլը ողջունել է նաեւ Միացյալ Նահանգները, թեեւ այն հիմնականում խորհրդանշական հետեւանքներ ունի: Ռուսաստանի Սեւծովյան նավատորմն արդեն տեղակայված է, եւ եթե նույնիսկ այդպես չլիներ, Մոնտրյոն թույլ է տալիս նավերին վերադառնալ իրենց գրանցման նավահանգիստ: Այնուամենայնիվ, նեղուցների փակումը թույլ չի տալիս ռուսներին լրացուցիչ նավեր ուղարկել Միջերկրական ծովի արեւելյան կողմից։

Թուրքիան նաեւ ակտիվացրել է իր դիվանագիտությունը, որպեսզի համապատասխանի իր ավելի ագրեսիվ դիրքորոշմանը: Նախ՝ արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հակամարտությունը որակեց որպես պատերազմ, որը հակասում է ռուսական «հատուկ գործողության» պատմությանը։ Դրան հաջորդեց ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի բոցաշունչ ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել անօգնական խաղաղ բնակիչներին։ Էրդողանը ռուսական ներխուժումն անվանեց «անընդունելի», իսկ պետական TRT հեռուստաընկերությունը նույնպես քննադատական դիրքորոշում ցուցաբերեց Ռուսաստանի նկատմամբ՝ գովաբանելով Զելենսկու համարձակ ղեկավարությունը։

Սակայն Թուրքիան առաջվա պես չի հրաժարվում Ռուսաստանից։ Անկարան չի միացել Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցներին եւ չի փակել Թուրքիայի օդային տարածքը Ռուսաստանի համար։ Նա նաեւ սպառազինության եւ նյութերի նոր խմբաքանակներ չի ուղարկել Ուկրաինա։

Անկարայի հռետորաբանությունն այն է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի լոյալ անդամ է, բայց պետք է հետեւի նաեւ իր ազգային շահերին: Գործնականում դա նշանակում է, որ Էրդողանը դեռ փորձում է միջնորդ լինել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ։

Այս առաջարկն առաջին անգամ նա արել է փետրվարի սկզբին Ուկրաինա կատարած այցի ժամանակ։ Այժմ, երբ ուկրաինա-բելառուսական սահմանին երկու կողմերի բանակցությունների առաջին փուլը չհանգեցրեց հրադադարի, նա այդ հարցը քննարկում է նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Ավելի կարեւոր է այն, որ Զելենսկին արդեն հիշատակել է Ստամբուլը որպես բանակցությունների պոտենցիալ վայր։

Էրդողանը դեէսկալացիայի ուղղությամբ աշխատելու ծանրակշիռ պատճառներ ունի, եւ դրանք հիմնականում տնտեսական են: Պատերազմն արդեն վնաս է հասցնում Ռուսաստանի տնտեսությանը, քանի որ պատժամիջոցները փլուզում են ռուբլու փոխարժեքը, եւ դա անպայման կազդի Թուրքիայի վրա, որը կախված է Ռուսաստանից՝ զբոսաշրջությունից ստացվող եկամուտների, ինչպես նաեւ շինարարական ծառայությունների եւ գյուղատնտեսական ապրանքների արտահանման շուկայի առումով: Էներգակիրների գների աճն էլ ավելի կործանարար ազդեցություն կունենա շարքային թուրքերի վրա, որոնց եկամուտներն ու խնայողությունները արդեն իսկ խժռել է այս տարվա անզուսպ ինֆլյացիան:

Չմոռանանք, որ Էրդողանը պայքարում է 2023թ․ վերընտրվելու համար։ Վերջին բանը, որ նրան պետք է, պատերազմն է՝ զուգորդված տնտեսական ճգնաժամով: Թուրքիայի ղեկավարի համար առավել սարսափելի է ՆԱՏՕ-ի ներգրավման եւ այն հեռանկարը, որ Ռուսաստան փախստականների ալիք բաց կթողնի Սիրիայից:

Դժբախտությունն այն է, որ Պուտինը մեղմանալու ոչ մի նշան չի ցուցաբերում։

Պուտինին ռազմական հաղթանակ է պետք, ոչ թե լուծում։ Հենց գրավի Ուկրաինայի մայրաքաղաքը նա, հնարավոր է, նորից Արեւմուտքի հետ խոսելու ցանկություն ունենա: Բայց նա կսպասի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազանգին, ոչ թե Էրդողանի կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի:

Էրդողանը կցանկանար Թուրքիային եվրոպական աշխարհաքաղաքականության շարժիչ ուժի դերում տեսնել։ Հավասարակշռություն պահպանելով Ռուսաստանի եւ արեւմտյան դաշինքի միջեւ՝ թուրք առաջնորդն արդեն վաղուց նրանց իրար դեմ է հանում՝ իր համար լավագույն գործարք կորզելով:

Իհարկե, ոչ մի վատ բան չկա նրանում, որ Թուրքիան խաղաղարարի դեր կատարի։ Հաշվի առնելով հնարավորությունը՝ մենք բոլորս պետք է հուսանք, որ Էրդողանը հաջողության կհասնի։ Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, Ուկրաինան նախ պետք է ի վիճակի լինի Արեւմուտքի օգնությամբ կասեցնել ռուսական գրոհը։ Քանի դեռ Պուտինը կարծում է, թե կարող է հաղթել, նա չի լսի զսպվածություն ցուցաբերելու Էրդողանի կոչերը»:

(Visited 2 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.